Խատուտիկը

Բացատի կենտրոնում՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, երկու բլրիկ էր վեր խոյացել։ Նրանցից մեկը ողողված էր խատուտիկներով, որոնց գլխիկները այնքան սպիտակ ու գեղեցիկ էին՝ հիշեցնում էին երկնքից պոկված ամպիկ, թարմ ձյան կույտ։

Իսկ այ մյուսը՝ լեցուն էր բազմազան, տեսնված ու չտեսնված ծաղիկներով։

 

Զարմանալին այն էր, որ հենց այդ բլրի վրա՝ ուղիղ գագաթին, բուսնել էր մեր հերոսը՝ ահռելի գլխարկով, փարթամ, ձյունաճերմակ գեղեցկուհի խատուտիկը։ Այս հեքիաթը հենց նրա մասին է։ Նա տարբերվում էր կից բլրի իր ընկերներից՝ մեծությամբ, շքեղությամբ, սպիտակությամբ, փարթամությամբ, վսեմ հասակով։ Յուրաքանչյուր ոք, նույնիսկ անտառի կենդանիները, գալիս էին զմայլվելու նրա գեղեցկությամբ։ Այդչափ ուշադրությունից, գովասանքի խոսքերից, հիացական հայացքներից խատուտիկը ինքնահավան էր դարձել։

-Ո՞վ է այս բլրի թագուհին, իհարկե, ե՛ս։ Ու՞մ են ամենից շատ նայում, իհարկե, ի՛նձ։ Ո՞վ է ամենամեծ խուճուճների տերը՝ ե՛ս, ե՛ս, ե՛ս,- ասում էր նա։

Նույնիսկ երգ էր հորինել իր մասին ու թեթև հովիկի հետ երգում էր։ Հարևան բլրի իր հայրենակիցներին ու բարեկամներին անգամ չէր բարևում։

Օր-օրի ավելի ու ավելի փառամոլ էր դառնում խատուտիկը։ Անգամ նույն բլրի հարևան ծաղիկներին չէր նկատում։ Շփվում էր միայն նրանց հետ, ով իր գովքն էր անում։ Այդ անտանելի, գոռոզամիտ պահվածքով բոլորին ատելի էր դարձել։ Ոչ ոք չէր շփվում նրա հետ։ Քամին լուռ հետևում էր գլուխգովան, պարծենկոտ խատուտիկին։ Մի օր էլ, պտտվեց խատուտիկի շուրջը, սիրուն բառեր շռայլեց, գայթակղեց, այնպես բռնեց նրա գլխարկից, արմատախիլ արեց ու ցրիվ տվեց գանգուրները։

Գոռոզամիտ խատուտիկը մնաց լրիվ ճաղատ, սկզբում չհասկացավ ի՞նչ կատարվեց, հետո, երբ հայելու մեջ նայեց․ սարսափից, սկսեց ճչալ։ Բոլորը, կարծելով, որ խատուտիկի հերթական գլուխգովանությունն է, անգամ չմոտեցան նրան։ Արևը սկսեց ուժեղ այրել գլուխն ու ճակատը։ Կարճ ժամանակ անց նա չորացավ ու հողին հավասարվեց։

Առավոտյան՝ արևածագին, ծաղիկները բացեցին իրենց աչուկները, ոչ թե խատուտիկի գովքի նոտաների ներքո, այլ արևի ճառագայթների թեթև հպումից։ Ցավոք, ոչ ոք էլ չնկատեց խատուտիկի բացակայությունը։ Հակառակը՝ բոլորը ուրախ էին, որ նա չկար, քանի որ հասցրել էր իր պահվածքով զզվեցնել, նեղացնել բոլորին։

Հիմա բլրի ծաղիկները սիրով, գորովանքով, հաշտ ու համերաշխ էին ապրում ու տհաճությամբ հիշում խատուտիկի հետ ապրած օրերը։

Մարդի՛կ, սիրե՛ք կողքիններին, մի՛ մոռացեք ձեր արմատները, մի՛ թերագնահատեք հարևանի ուժը։ Համեստությունը հզոր զենք է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով